Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՌԱՀՀԿ-ը դիտարկեց միջազգային ինտեգրացիոն գործընթացների լույսն ու ստվերը

ՌԱՀՀԿ-ը դիտարկեց միջազգային ինտեգրացիոն գործընթացների լույսն ու ստվերը
25.02.2014 | 18:06

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց Կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Արևելյան գործընկերություն և Մաքսային միություն. միջազգային ինտեգրացիոն նախագծե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական մրցակցություն»: Հրավիրված էին արդիականության այդ կարևոր երկընտրանքով հետաքրքրված քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Սեմինարի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ՌԱՀՀԿ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: «Այսօրվա ռազմավարական իր առաջարկով ՌԱՀՀԿ-ն մուտք է գործում անաչառ, բազմոլորտ հետազոտությունների իրականացմանն ու համազգային քննարկմանը միտված հանրային ծառայության և հանձնառության իր քսանամյակը՝ ի շահ Հայաստանի բարօրության, մեզանում ժողովրդավարության, օրենքի գերակայության ու ինքնիշխանության արմատավորման»,- ասաց նա:
Բացելով քննարկումը, թեմայի վերաբերյալ հրապարակային բանավեճերի անհրաժեշտությունն ընդգծեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Եվրամիության ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության միջև ընտրությունը բավական ուժգին հուզումներ է առաջացրել ողջ աշխարհում՝ մասնավորապես այն երկրներում, որոնց շահերն ուղղակիորեն առնչվում են հիշյալ ծրագրերին: Հայաստանը մեկն է այդ կարգի երկրներից, ուստի տեղի ունեցող գործընթացների ողջամիտ գնահատականներն էական նշանակություն ունեն մեզ համար»:
Առաջին բանախոսը՝ կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը բնութագրեց իբրև երկրի ինքնիշխանության ու անվտանգության լուրջ մարտահրավեր՝ կարծիք հայտնելով, որ ցանկացած ընտրանքի պարագայում, միևնույն է, ՀՀ անկախությունը որոշակի չափով տուժելու է: Իսկ հիմնական խնդիրներից մեկը, ըստ նրա, Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: «Մտնելով որևէ միության կազմ, մենք դառնում ենք անմրցունակ: ՈՒղղակի զարմանալի է, թե ինչպես կարելի է, հարևանությամբ ունենալով Իրանի պես հարուստ պաշարամիջոցների տիրապետող երկիր, չօգտագործել դրանք և ընկնել Հյուսիսի կամ Արևմուտքի դռները: Այն տպավորությունն է, թե մեզ պետություն պետք չէ, մենք միայն ման ենք գալիս, թե ում հովանու տակ կարելի է մտնել»,- ընդգծեց Մեսրոբյանը:

Հայաստանի համար Մաքսային միության պլյուսներն ու մինուսները զուգակշռեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նրա կարծիքով՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի շատ տնտեսական վնաս կբերի, քան օգուտ, եթե չհստակեցվի մաքսատուրքերի գանձման կարգը: «Շատ դրական եմ գնահատում համագործակցությունը, բայց քաղաքական որոշումների հետ մեկտեղ, պետք է կարողանանք տնտեսական ճիշտ հաշվարկներ կատարել, որպեսզի բյուջեում ճեղք չառաջանա մաքսատուրքերի չգանձումից»,- շեշտեց բանախոսը: Տվյալ փուլում Մանասերյանը կարևոր է համարում, որ ռազմավարական դաշնակցի օգնությամբ հնարավոր կլինի լուծել աբխազական երկաթգծի հարցը, «որը հայ գործարարներին թույլ կտա ավելի նպաստավոր պայմաններով զարգացնել առևտրատնտեսական կապերն արտաքին աշխարհի հետ»:

ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների սահմանափակման սպառնալիքը, ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, բոլոր դեպքերում ակնհայտ է: «Ընտրելով եվրասիական ուղղությունը, մենք մտնում ենք մի համակարգ, որի մյուս երեք անդամները չունեն ժողովրդավարական արժեքների գոնե այն նվազագույն շեմը՝ հավաքների, միավորումների և համացանցից օգտվելու ազատությունները, որոնք Հայաստանն արդեն իսկ ձեռք է բերել: Հետևաբար, այդտեղ գերիշխող մոդելը բացասաբար է ազդելու նոր անդամի արժեհամակարգի վրա: Իսկ ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացն ավարտին հասցվելուն պես՝ մենք հայտնվելու ենք մեկ երկրի մենաշնորհային ազդեցության ներքո: Դրանից ավելի մեկուսացում Հայաստանն իր նորագույն պատմության ընթացքում չի ունեցել»,- համոզմունք հայտնեց Նավասարդյանը՝ հավելելով նաև մի շարք ուրիշ խնդիրների անխուսափելիությունը՝ կապված հատկապես այն հակասությունների հետ, որոնք ի հայտ են գալու Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ:
Զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխաններին և կարծիքների փոխանակմանը մասնակցեցին գրող, բլոգեր Մարինե Պետրոսյանը, քաղաքագետներ Միքայել Զոլյանը, Նիկիտա Զարոբյանը, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը, փորձագետ-վերլուծաբան Էդգար Վարդանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վերլուծական խմբի ղեկավար Արթուր Ավթանդիլյանը և քննարկման այլ մասնակիցներ:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994 թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան և սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետևելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձևավորող և միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության և ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ